Երիտասարդ կոմպոզիտոր Ռուբեն Աբրահամյանը (Bénjamin Strétta) ապրում ու աշխատում է Շվեյցարիայում: Մի քանի ամիս առաջ նա իր գրած երաժշտություններից մեկն ուղարկում է Հայկ Սոլարին ու Արնի Ռոքին, որ նրանք գործիքավորեն այն ու երգ դարձնեն: Մի օր էլ նրանք ինձ կանչեցին իրենց ստուդիա, որ տեսնեն, թե ինչպես կստացվի ապագա երգն իմ կատարմամբ: Այդ ժամանակ իհարկե բառերը չկային, բայց Հայկենք արդեն ավելացրել էին կրկներգի հատվածը: Երաժշտության սևագիր տարբերակը լսելուց հետո թե’ ռիթմերը, թե’ հարմոնիան և թե’ մեղեդին ինձ հարազատ դարձան. դրանց մեջ ես ինձ գտա: Ընդհանրապես Բոսա Նովա ռիթմերը շատ եմ սիրում: Հայկենք էլ հավանեցին կարծում եմ, դրա համար որոշվեց, որ ես եմ երգելու: Շվեյցարիայում բնակվող երաժշտության հեղինակին չեմ հանդիպել երբեք, բայց ստեղծագործությունից միանգամից հասկացա, որ ճաշակով ու յուրահատուկ մարդ է, կիրթ երաժիշտ: Հետո Հայկն ու Արնին գրեց բառեր, Ծովինար Մելքումյանն էլ հղկեց այդ տեքստը: Մի խոսքով ստացվեց այն ինչ ստացվեց. արդյունքն ինձ դուր է գալիս:) Երգը լսելուց հետո հեղինակը` Ռուբենը, զանգեց Շվեյցարիայից ու պատմեց, որ երբ երժշտությունը գրել էր ու առաջին անգամ ցույց տվել ընկերներին, բոլորն ասել են, որ դա այդքան էլ հաջող չի ստացվել` հիշվող չէ ու կրկներգ չունի: Բայց երբ ընկերները լսել են նույն ստեղծագործությունն արդեն իմ մեկնաբանությամբ` խոստովանել են, որ իրենց ընկերոջ գրած երգը շատ գեղեցիկ է: Ես էլ նրան ասացի այն, ինչ մտածում էի այս հրաշք ստեղծագործության մասին:
Այսպիսով Արնի Ռոքից ու Հայկ Սոլարից բացի ես ունեմ ևս մի լավ երաժիշտ ընկեր` Բենջամին Ստրետան կամ Ռուբենը: Սիրելի ընկերներ, բոլորիդ մեեեեծ շնորհակալություններ
Իսկ հիմա կարող եք վայելել երգը:
